70 տարի առաջ սկսվեց Բուխենվալդի ապստամբությունը

 

Խորհրդային պաշտոնական պատմագրությունը համարում էր, որ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի ապստամբությունը սկսվել է 1945 թ-ի ապրիլի 11-ին և շարունակվել մինչև 1945-ի ապրիլի 13-ը: Թեև այդ ժամանակ արդեն լեհական «բարեկամական» «Մեծ ընդհանուր հանրագիտարանը» և նրա հետ միասին ամբողջ արևմտյան աշխարհը նշում էին  հենց ապրիլի 11-ը որպես Բուխենվալդի ազատագրման օր:     Ո´չ արևմտյան և ո´չ էլ խորհրդային պատմաբանները չէին հերքում կոմունիստների ղեկավար դերը ապստամբության մեջ: Բայց կոմունիստների ղեկավար դերը չէին հերքում նաև, ինչպես նշում է իր «Սարսափելի է Էտտերսբերգ լեռը» գրքում պատմաբան Չեսլավ Օստանկովիչը, հենց ՍՍ-ականներն իրենք, անվանելով Բուխենվալդը «կոմունիստների պետություն ՍՍ-ի պետության մեջ»: Բայց Բուխենվալդի հետազոտողներից ոչ ոք չի տալիս, թվում է, պարզ հարցի պատասխանը` ում էր ձեռնտու այդ ապստամբությունը:

        Ներքին Խաղեր

Բուխենվալդ ճամբարը սկսել է գործել 1937 թ-ի հուլիսի 16-ից:

Բուխենվալդի առաջին բանտարկյալներն էին գերմանացի քրեական հանցագործները, այսպես կոչված` «կանաչները»: Բայց շուտով արդեն սկսեցին գալ գերմանացի քաղաքական, իսկ այնուհետև` կալանավորներ այլ երկրներից:

Բուխենվալդում ՍՍ–ականներն    ողջ սև աշխատանքն իրենք չէին անում, այլ ներճամբարային ինքնակառավարման և ներճամբարային ֆունկցիոներների ձեռքերով, որոնք նշանակվում էին հենց բանտարկյալների միջից, սկսած ճամբարի ավագից և վերջացրած բարաքի հերթապահից: Ինքնակառավարման գործառույթների մեջ մտնում էր գրեթե ողջ կենսապահովումը` բացառությամբ արտաքին հսկողության: Բայց արդեն 1942 թ-ից «կարմիրները» զբաղեցնում էին գրեթե բոլոր ներճամբարային ինքնակառավարման պաշտոնները: Տարբեր ժամանակներում  ճամբարի ավագներ էին գերմանացի կոմունիստներ Էռնստ Բուսսեն և Էրիկ Ռեշկեն: Ղեկավարող պաշտոնները և իշխանությունը կոմունիստները, իմանալով հիտլերակաների անհանդուրժողությունը գողության նկատմամբ, վերցնում էին «սարքելու» ճանապարհով: Նիկոլայ Կյունգը իր «Անտեսանելի վահանը» հոդվածում բերում է մի օրինակ` ՍՍ-ական ճաշարանի «կանաչ» խոհարարի մոտ գցեցին մի արկղ մարգարին և երկու կիլոգրամ խոզաճարպ` դրա մասին հայտնելով պարետ Կարլ Կոխին: Բուխենվալդի չգրված օրենքների համաձայն` կալանավորը, բռնվելով գողության ժամանակ, դատապարտվում էր մահվան: Մինչև հիմա հայտնի չէ, թե քանի «կանաչ» է կոմունիստների մատնությամբ իր վախճանը գտել դիակիզարանում:

        Ընդհատակյա Կոմիտե

Բայց ՍՍ-ականների և կոմունիստների խաղաղ համակեցությունը խախտվեց սովետական ռազմագերիների կողմից: Նրանց խմբերը սկեցին բերվել ճամբար 1941 թ-ի վերջից: Բուխենվալդը տառացիորեն պայթեց զանգվածային փախուստներից: Բարեմիտ գերմանացիները, համակենտրոնացման ճամբարներում կոյուղի անցկացնելով, ի տարբերություն ստալինյան ճամբարների փորված հորերի, ամենայն հավանականությամբ չէին էլ ենթադրում, որ հենց կոյուղին կդառնա սովետական ռազմագերիների փախուստի գրեթե հիմնական ճանապարհը: 1943-ին ճամբարում ստեղծվեց ընդհատակյա միջազգային կազմակերպություն, որը գլխավորում էր ԻՃԿ-ն` ինտերնացիոնալ ճամբարային կոմիտեն: Վերլուծելով նրա ճյուղավորված ցանցը և գրեթե բաց գործունեությունը, ակամայից հանգում ես այն մտքին, որ դրա գաղափարը կարող էր ծնվել ՍՍ-ի գաղտնի բաժանմունքներից մեկում: Ընդհատակյա կազմակերպության ստեղծմամբ Բուխենվալդում գրեթե դադարեցին զանգվածային փախուստները: ԻՃԿ-ն արգելեց դրանք` բացատրելով դա ապստամբության նախապատրաստությամբ: Իսկ փախչել առանց այդ օրգանի համաձայնության կնշանակեր ինքնասպանություն գործել, որովհետև անգամ պատրաստվող փախուստի մասին հայտնի էր դառնում ճամբարային ինքնակառավարմանը, իսկ դրա միջոցով էլ` ՍՍ-ական պահակախմբին, որից հետո պոտենցիալ փախստականները կորչում էին դիակիզարանների վառարաններում:

Ընդհատակյա կազմակերպության անդամ, հավանաբար, երազում էին դառնալ շատերը, քանի որ այդ անդամությունն ապահովում էր ազատություն ճամբարային ընդհանուր ծանր աշխատանքներից քարհանքում կամ այն մի քանի ռազմական գործարաններում, որոնք պատերազմի տարիներին աճեցին համակենտրոնացման ճամբարի` ստրկական ուժի մատակարարի կողքին:

ԻՃԿ-ի ղեկավար Վալտեր Բարտելի մասին ԻՃԿ-ի անդամ լեհ Յան Իզիդորչիկը հետագայում կգրի. «ԻՃԿ-ի ղեակավարը փաստացիորեն ազատված էր աշխատանքից իր խմբում և լուծում էր ԻՃԿ-ի և ընդհատակյա կազմակերպության տարբեր խնդիրներ` անխոչընդոտ տեղաշարժվելով ճամբարում»:

1945 թ-ի ապրիլի 11-ին ամերիկյան զորքերը գտնվում էին Բուխենվալդից 2 կմ հեռավորության վրա: Ճամբարի պարետ Պիստերը փախել էր: ՍՍ-ական պահակախումբը, առանց վերադասի, չգիտեր ինչ անել: Ժամը 15:15-ին ճամբարային ռադիոյով հնչեց ճամբարի և ԻՃԿ-ի ավագի հրամանը զինաթափել պահակախումբը: Անգամ ընդհատակյա կազմակերպության ոչ անդամ շարքային բանտարկյալները գիտեին, որ ճամբարի ավագի հրամանների չկատարումը սպառնում է անախորժություններով, իսկ երբեմն` անգամ մահով: Այդ պատճառով նրանք շարժվեցին դեպի պահակախմբի աշտարակները և ճամբարի դարպասները: Արդեն վերը հիշատակված Չեսլավ Օստանկովիչը նշում է, որ արդեն 16:50-ին ապստամբությունն ավարտվել էր, պահակախումբը խուճապահար հանձնվեց` առանց կռվի: Մինչև ամերիկյան բանակի հայտնվելը պարետի պարտականությունները կատարում էր ճամբարի ավագը:

Ճամբարային ինքնակառավարումից և միաժամանակ` ԻՃԿ-ից ոչ-ոք չդատապարտվեց, ավելին` նրանց շնորհվեցին ԽՍՀՄ-ի, այնուհետև` ԳԴՀ-ի շքանշաններ: Հավանաբար արժի հիշեցնել, որ արդեն մեր օրերում տխրահռչակ Իվան Դեմյանյուկին ներկայացված մեղադրանքի կետերից մեկը նրա մասնակցությունն էր ճամբարային ինքնակառավարմանը: Բայց հաղթողներին չեն դատում:

Դրա փոխարեն` հայրենադարձությունից հետո Բուխենվալդի  շատ բանտարկյալներ, որոնք չէին մասնակցում ճամբարային ինքնակառավարմանը և ընդհատակյա կազմակերպությանը, այլ մեջք էին ծռում անտանելի ճամբարային ընդհանուր աշխատանքներում,  չխուսափեցին ստալինյան ճամբարներից` որպես ֆաշիստների մեղսակիցներ:

Թարգմանությունը ռուսերենից` Հարություն Ղազարյանի,

Խորհրդատու ուսուցիչ` Աշոտ Տիգրանյան:

Leave a comment