Դիլիջանյան պատում. Մեկ շաբաթ անց

Անցավ մեկ շաբաթ: Իրոք որ, լավագույն ժամանակն է ի մի բերելու դիլիջանյան արկածները: Դեռ շատ ժամանակ չի անցել, որ հիշողությանս մեջ պղտորվեն և վերջնականապես անցյալ դառնան այդ արագընթաց երեք օրերը, բայց և արդեն բավականաչափ ժամանակ է անցել՝ տպավորությունները պատումի տեսքով Ձեզ ներկայացնելու համար: Իհարկե, շատ բաներ կան, որոնք կմնան կադրից, կամ ավելի ճիշտ ասած՝ տողից դուրս: Իսկ ճամբարի մասնակիցների հուշերում, հուսով եմ, դրանք կմնան դեռ շատ երկար ….

Առաջին օր: Ունեինք անսպասելի համալրում. իր լուսանկարչական առաքելությամբ մեզ էր միացել Մելինեն, ում աշխատանքի արդյունքները դուք վաղուց կարող էիք տեսնել կրթահամալիրի կայքում: Ով չի տեսել՝ Դիլիջանյան ֆոտոքրոնիկոն համեցեք: Խոսակցություններով ընկանք, քննարկում էինք, թե հասնելուն պես ինչ էինք անելու: Զարմանալի չէ, որ ժամանակը շուտ անցավ: Հարմարվեցինք հյուրատանը, դասավորեցինք մեր իրերը: Ճաշեցինք և կազմակերպեցինք երեկոյան զբոսանք: Արդեն բավականին ուշ էր, վերադարձանք հյուրատուն, կազմակերպեցինք տարբեր խաղեր և մրցույթներ: Մի խոսքով, ձանձրույթ չզգացինք: Լի սպասումներով՝ պառկեցինք քնելու: Յուրաքանչյուրս իր մտքում ծրագրում էր վաղվա օրը:

Երկրորդ օր: Զարթնեցինք վաղ առավոտյան: Մարմնամարզական մի քանի վարժություններից կատարելուց և նախաճաշելուց հետո ճանապարհ ընկանք՝ դեպի Դիլիջան քաղաքի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»: Այնտեղ շփվեցինք երեխաների հետ: Իհարկե, սկզբում նրանցից շատերը ընկճված էին, ամաչկոտ, բայց մեր պատասխանատուների կազմակերպած միասնական երգ ու պարից հետո նրանք շատ ավելի շփվող և անկաշկանդ դարձան: Նախապես ընկեր Ջուլիի առաջարկությամբ, ղեկավարությամբ և մասնակցությամբ մենք հավաքեցինք շորեր, կոշիկներ և այլ հաճելի նվերներ, որոնք մենք մեծ սիրով նրանց հանձնեցինք: Իսկ մեր տարեկից տղաների հետ անգամ հասցրինք բասկետբոլ խաղալ: Մենք նրանց ցտեսություն չասացինք, այլ միայն՝ ջերմ հաջողություն ՝ խոստանալով չմոռանալ նրանց և ունենալ բազում հանդիպումներ: Այնուհետև այցելեցինք Դիլիջանի համայնքային կենտրոն: Ծանոթացանք այնտեղ իրականացվող նախագծերին: Հաստատությունը թողեց շատ բարի և ընկերական միջավայրով կենտրոնի տպավորություն: Ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որ ապագայում ինչ-որ համագործակցություն լինի մեր կրթահամալիրի և Դիլիջանի համայնքային կենտրոնի միջև: Վստահ լինելով, որ մենք ևս մեկ անգամ կայցելենք գիշերօրթիկ՝ վերադարձանք հյուրատուն: Սկսեցինք պատրաստել մեր ճաշը և ընթրիքը: Այդ ընթացքում մենք կիսվում էինք տպավորություններով: Իրոք որ, շատ հուզական և զգացմունքային էին մեր տպավորությունները: Զարմանում ես մարդկային հատկությունների վրա, որ անգամ նման դժվար պայմաններում, շարունակում է ապրել ու, կարծես թե, փորձում է անգամ երջանիկ լինել: Բայց փորձել պետք չէ, պետք է լինե՛լ, և վե՛րջ: Մի տեսակ ոգևորվում ես նման երեխաների օրինակից ….

Երրորդ օր: Առավոտյան վերկացից ու նախաճաշից հետո սկսեցինք իրերը հավաքել: Մասնակցեցինք ռուսական «Մասլենիցա» տոնին, որը անցկացվում էր Դիլիջանի թիվ 1 դպրոցի բակում: Տեսանք շատ ծանոթ և արդեն հարազատ դարձած մարդկանց: Գիշերօթիկի երեխաները փոքրիկ տոնավաճառ էին բացել՝ վաճառելով իրենց ձեռքի աշխատանքները և տոնի թեմային համապատասխան ուտեստներ: Մեր ճանապարհի հաջորդ կետը Հաղարծնի վանքն էր: Դեռ հեռվից հիանում էինք նրա գեղեցիկ գմբեթով և համեստ, բայց և վեհաշուք տեսքով: Ձմռանը լիովին վերափոխվում է և առանձնահատուկ գեղեցկություն է ստանում Հաղարծինը: Մեզ ընկեր դարձած մեր վարորդը՝ Ազատ պապը, տեսնելով, որ վանքի բակում աշխատանքներ կան, կարծես մոռանալով իր պատկառելի տարիքի մասին՝ վերցնում է բահը և սկսում եռանդուն կերպով օգնել աշխատողներին, «ֆլեշմոբին» միացանք նաև մենք: Հաղարծինի մոտակայքում շրջելուց հետո ուղևորվում ենք Սևան: Էլ չգիտես, թե երբ կարող ես տեսնել Սևանա լիճը՝ ամբողջությամբ սառույցով պատված: Սևանավանքից հիասքանչ տեսարան էր բացվում չորս կողմդ: Վերադառնալով Երևան՝ նայում էի մեքենայի պատուհանից  դուրս` փորձելով ևս մի քանի պատկերներ գողանալ և պահել մտքումս: Բոլորս էլ կցանկանայինք, առնվազն մեկ օր ավել մնալ այնտեղ, բայց, ցավոք, չնայած մեր բազում փորձերի՝ ուղղված մեր պատասխանատուներին, դա չստացվեց: Ավարտելով պատումս, պարտավոր եմ ընդգծել ընկեր Նելիի և ընկեր Ջուլիի խոհարարական հմտությունները, հրաշահամ ուտեստները՝ իմպրովիզ բաղադրատոմսերով պատրաստված:

Leave a comment